Այսօր կատաղության դեմ պայքարի միջազգային օրն է։ Այն հռչակվել է ԱՀԿ-ի կողմից 2007թ-ից՝ ի պատիվ Լուի Պաստերի, ով ստեղծել է կատաղության դեմ առաջին պատվաստանյութը: Այս տարվա կարգախոսն է ՝ «Բոլորը՝ մեկի համար, մեկ առողջություն՝ բոլորի համար»։
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ինֆեկցիոն կլինիկայի բժիշկ-ինֆեկցիոնիստ Լուսինե Հարությունյանը նշում է, որ այս մոտեցումը երաշխավորում է բազմաթիվ ոլորտների և տեղական համայնքների ներգրավվածությունը՝ իրազեկելու և շների զանգվածային պատվաստումներ իրականացնելու համար, որն հանդիսանում է կատաղության դեմ պայքարի ամենաարդյունավետ ռազմավարությունը: Ներկայացնում ենք բժշկի դիտարկումները։
- Կատաղությունը պատվաստանյութով կանխարգելվող, 100 % մահացությամբ վիրուսային հիվանդություն է, որը ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը՝ բերելով լետալ ելքի: Այն տարածված է ավելի քան 150 երկրում, ամեն տարի առավելապես Ասիայի և Աֆրիկայի երկրներում այն ավելի քան 1000 մարդու կյանք է խլում։
- Կատաղությունից մահվան մոտ 99 % դեպքերում հիմնական աղբյուրը թափառող շներն են: Կատաղության փոխանցող կարող են լինել նաև վայրի կենդանիները՝ գայլ, աղվես, չղջիկ, լուսան: Վիրուսի փոխանցումը տեղի է ունենում հիվանդ կենդանու կծելու կամ ճանկռելու միջոցով, հատկապես վտանգավոր է թուքը:
- Տուժածին անհրաժեշտ է շտապ առաջին բուժօգնություն՝ վերքի, քերծվածքի, ճանկռվածքի, թքոտված մասի օճառով լվացում առատ ջրի շիթի տակ: Վերքի եզրերը առաջին 3 օրվա ընթացքում չի հեռացվում, չի կարվում, բացառությամբ այն դեպքերի, երբ ելնելով կյանքի ցուցումներից անհրաժեշտ է վիրաբուժական մշակում: Վերքի մշակումից անմիջապես հետո անհրաժեշտ է կատարել հակակատաղության պատվաստում, հակակատաղության իմունոգլոբուլին, ինչպես նաև փայտացման դեմ կանխարգելիչ իմունիզացիա:
- Կատաղության դեմ պատվաստանյութի կիրառումը ոչ միայն կանխարգելում, այլև բուժում է: Այն անհրաժեշտ է սկսել անհապաղ, ոչ մի դեպքում չի կարելի հրաժարվել բուժումից, անկախ նրանից, թե ինչքան է անցել:
- Հիվանդությունը ախտորոշվում է, երբ արդեն զարգանում են կլինիկական ախտանիշներ: Գաղտնի շրջանը տևում է 2-3 ամիս, բայց կարող է տատանվել 1 շաբաթից մինչև 1 տարի՝ կախված վնասվածքի տեղակայումից և վիրուսային ծանրաբեռնվածությունից: Հիվանդությունը սկսվում է ընդհանուր և տեղային նշաններով, որին հաջորդում է կենտրոնական նյարդային համակարգի անդառնալի ախտահարումը:
.png)